Սուրբ Գրիգոր Տաթևացին (Հովհաննես Ոսկեբերան, Գրիգոր Աստվածաբան) (1346-1409), Աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, րաբունապետ:
Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից: Գրիգոր Տաթևացուն ժամանակակիցները
մեծարել են Եռամեծ վարդապետ, Երկրորդ Լուսավորիչ հայոց և
աստվածաբան, Սյուն և ախոյան Հայ եկեղեցու, Վարժապետ ամենայն հայոց և այլ պատվանուններով:
Գրիգոր Տաթևացին (աշխարհական անունը՝ Խութլուշահ) սովորել է Տաթևի վանքում, աշակերտել մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի բարձրագույն դպրոցները, վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ: Դասախոսել է Մեծոփավանքի և Սաղմոսավանքի դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարներ) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը:
Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն: Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում: Իր մանկավարժական հայացքները Տաթևացին ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատության մեջ, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:
Տաթևացին գրել է նաև մեկնություններ, լուծմունքներ, քարոզներ, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ: Առավել կարևոր են «Գիրք հարցմանց» ու «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված ոչ միայն ժամանակի գիտության և կյանքի ամենաբազմազան խնդիրներին վերաբերող տեղեկություններ, այլև հայ դավանաբանական մտքի դարավոր ձեռքբերումները: Իր տեսակի մեջ բացառիկ է նաև «Քարոզգիրքը»՝ «Ձմեռան» և «Ամառան» հատորներով, որը եղել է քարոզխոսության, հռետորական արվեստի դասագիրք, որտեղ կարևորվել է քարոզը:
Տաթևացին փիլիսոփայության մեջ պաշտպանել է երկակի աստվածային էությունների և բնության ճանաչման ճշմարտության սկզբունքը, սահմանազատել հավատի ու գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները: Ըստ նրա՝ միապետը կամ իշխանը իրավունք չունի և չի կարող լուծել համաժողովրդական նշանակության հարցեր՝ առանց ժողովրդի մեծամասնության ընդհանուր համաձայնության:
Տաթևացին նաև մանրանկարիչ էր ու երաժիշտ: Պահպանվել է 1297 թ-ին գրված մի Ավետարան, որը 1378 թ-ին նկարազարդել է Տաթևացին: Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Մեծ պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը: