Գիրք նվիրելու օրվա առիթով «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը խոսում է, թե ինչու է դեմ գիրք նվիրելու օրվան ու գիրքը սրբացնելուն։
Նա ասում է, որ պետք է ապասրբացնել գիրքը և սիրել այն ամենօրյա սիրով։ «Սուրբ է այն, ինչը չես ճանաչում, եթե ճանաչել ես՝ այն քո առօրյան է ու կենցաղը։ Այսօր գիրքը կենցաղայնանալու և ամենօրյա լինելու պահանջ ունի»։
Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ գիրքը ոչ թե ժամանցի, այլ ուղեղը զարգացնելու և մարզելու միջոց է։ Նյութի մեջ խորանալու և բովանդակությանը հասնելու համար կարևորում է թղթե գիրքը, իսկ նոր միտք ու բովանդակություն ստեղծելու համար կարևոր է հայերենը։
«Շատ կարևոր է, որ քաղաքացին, հատկապես՝ երեխան, երազի։ Երազի փոխել իրականությունը՝ հաշվի նստելով իրականության հետ։ Ոչ թե իր երազներում պահանջատեր լինի, այլ զգա հողը՝ ինչպես զգում է ցանկացած զինվոր։ Շատ կարևոր է չկտրվել իրականությունից, բայց փորձել այդ իրականությունը հասցնել երազանքիդ», – ասում է Արմեն Մարտիրոսյանը ։
Արմեն Մարտիրոսյանը հորդորում է «չկարդալ», «մի՛ կարդացեք եթե չեք ուզում տարբերվել, մի՛ կարդացեք, եթե չեք ուզում ճանաչել»,– ասում է նա։