Սուրբ Գիրքն ասում է.
«Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք»:
Պահքն օգնում է հոգուն իշպանություն ունենալ մարմնի վրա, քանզի այն ստիպում է հրաժարվել այն ամենից, ինչը մեզ վրա իշխանություն ունի, այն ամենից, ինչը մեզ գցում է կախվածության մեջ: Պահքի նպատակը մեր մարմինը սակավապետության վարժեցնելն է: Այն Աստծուն մոտենալու ճանապարհն է: Պահքը կամ ծոմապահությունը չպետք է կատարել ի ցույց մարդկանց: Կերակուրներից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է:
Հավատավոր մարդու համար պահոց շրջանը մարմնական զսպվածության, աշխարհիկ հաճույքներից, մոլի սովորություններից՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյելուց հրաժարվելու և աղոթքի, ինքնաքննության, բարեգործության, զղջումի և ապաշխարության միջոցով Աստծուն մերձենալու հնարավորություն է:
Ըստ Հայ Եկեղեցու սահմանած կարգի, տարվա մեջ նախատեսված է գրեթե 160 պահքի օրեր: Դրանք հիմնականում օրապահքեր են՝ (չորեքշաբթի և ուրբաթ օրերին), շաբաթապահքեր և մեծ Պահքը՝ Սուրբ Հարության տոնից առաջ: Եկեղեցին Քրիստոսի օրինակին հետևելով հաստատեց քառասնորդական պահքը որի հիմքը Հիսուսի Քրիստոսի՝ անապատում անցկացրած աղոթքի, ծոմապահություն 40 օրերն են:
Այս ժամանակահատվածը կոչվում է Մեծ Պահք, քանզի այն ամբողջապես տարբերվում է մնացյալ բոլոր այլ պահքերից:
Մեծ Պահքը տևում է 48 օր, որի վերջին շաբաթը հատուկ՝ Ավագ Շաբաթ է կոչվում, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակությամբ:
Մեծ Պահքի ժամանակ Սուրբ Հողորդություն չի տրվում (բացառությամբ այն օրերի, երբ Մեծ Պահքի ընթացքում հանդիպող տոներին բաց խորանով Պատարագ է մատուցվում):
Երեխաները, հղի կանայք, հիվանդներն ու կերակրող մայրերը կարող են պահք չպահել:
Մեծ Պահքը ընդգրկում է վեց կիրակիներ, որոնք կապված են Աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (I դար) և Կյուրեղ Երուսաղեմացին (IV դար): Այդ կիրակիներն են Բուն Բարեկենդանը, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակիները և Ծաղկազարդը: Սրանք միասնաբար կազմում են «ոսկե շղթա»:
Այս տարի Մեծ Պահքի շրջանը սկսվում է մարտի 2-ից և տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարություն: Այս տարի Սուրբ Զատիկը կտոնենք ապրիլի 20-ին:
Իմաստություն Հոր Հիսուս, տո՛ւր ինձ իմաստություն …
Հետևեք մեզ⬇️
⏩Facebook: https://www.facebook.com/temtv.aht
⏩Instagram: https://www.instagram.com/temtv/
⏩Telegram: https://t.me/AraratyanTemTV
⏩TikTok: https://www.tiktok.com/@temtv_aht?is_…
#ԹեմTVTemTV #ՄեծՊահք #Աստված #կիրակնօրյադպրոց
©ԹեմTV/TemTV (Արարատյան Հայրապետական Թեմ)