Իսրայել Օրին (1659-1711) հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազգային-ազատագրական շարժման զարթոնքը:
Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688--95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար:
Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I կայսեր աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:
Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ:
Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը:
Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը: 1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ: