- Պաշտել ցեղը, ասել է` բոլորանուէր յանձնուել ցեղի կամքին եւ աշխատել, որ այդ կամքը դառնայ ինքնազօր եւ յաղթական: Ցեղակրօնը՝ իր ցեղի ոգու, դաւանում է թէ` Հայաստանը էր, է եւ պիտի մնայ մինչեւ վախճանը ժամանակների: Ցեղակրօնը, որի պաշտամունքի տարրերն են՝ ցեղային հանճար, ոյժ եւ արիութիւն, իր մէջ մշակում է զօրութեան մարդը: Նրա մօտ կենդանի է ոյժի զգացումը: Նա զգում է, որ մօտենում է օրը` վերջին վճռական ճակատամարտի, որի համար չի ուզում անպատրաստ գտնուել: Ցեղակրօնը, դա հայն է` նոր կենսազգացողութեամբ, հայը, որ իր մէջ սկսել է զգալ հայ երկրի ընդերքում քնած երկաթը: Հայը, որի էութեան մէջ ցեղի առիւծ-կամքն է արթնացել՝ ճակատելու, նորաստեղծելու եւ յաւերժանալու կամքը: Հոգով արծիւ հայն է դա, որ նոր է իջել ցեղի պատմութեան բարձունքներից եւ ահա՛ թեւահարում է վերստին դէպի վեր, դէպի հայոց պատմութեան կատարները: Դա գորշ առօրեայից, կեանքի թմբիրից, հոգեւոր մեռելութիւնից արթնցած հայն է, որ շնչում է խոր, որի աչքերը վառւում են նոր յոյսի խանդից, որն իր կրծքի տակ զգացել է իր ցեղային ոյժերի ալեկոծուող ծովը, որը` նոր կենսազգացութեամբ` ապրում է մի նոր կեանք, ոյժի, արիութեան եւ հպարտանքի: Դա վահագնապաշտ հայն է ուժապաշտը, զոհապաշտը: Նա, որ զայրոյթով մերժում է աշխարհի անիրաւութեան դատակնիքը իր ցեղի ճակատագրի մասին: Ցեղապրումի ընդունակ հայն է դա, որ մի օր իր աչքը օտար հորիզոններից դարձրեց դէպի մեր երկիրը, մտասուզուեց մեր պատմութեան ալեծուփ ովկիանում, եւ մեր ցեղի կեանքի մագաղաթին նայելով, իր էութեան խորէն աղաղակեց,՝ ՙԵս կարդացի ցեղիս թողած աստուածային հետքերը երկրագնդի վրայ, տեսայ, համբուրեցի, պաշտեցի - ես դարձայ ցեղակրօն՚: - Գարեգին Նժդեհ
Շանթ Հարությունյանի գաղափարների և պատմական վերլուծությունների հետ կարող եք կարդալ և ծանոթանալ ներքևում նշված կայքէջերում, այդ թվում Շանթ Հարությունյան/Shant Harutyunyan facebook էջում:
«Իմ ազգային իդեալը» http://shantharutiunyan.wordpress.com/
«Աստվածների վերադարձը» https://168.am/2013/11/05/296256.html