«Մասրիկ-1» արևային կայանը պատրաստ է շահագործման։ Այսօրվա դրությամբ այն Հայաստանի ամենից մեծ արևային կայանն է՝ 55 ՄՎտ դրվածքային հզորությամբ։ Արևային կայանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում և զբաղեցնում է շուրջ 130 հեկտար տարածք, որից 0.51 հեկտարը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ։
«Մասրիկ-1» ծրագիրն իրականացնում է «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի.- «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. ընկերությունների կոնսորցիումը։ Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 39 միլիոն դոլար։ Ֆինանսավորումը ապահովում են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրամիությունը։