Խերթվիսին երկրամասի պատմական հարուստ անցյալով նշանավորված գյուղերից է։ Գտնվում է Քուռ և Փարվանա գետերի միախառնման հատվածում, Ախալքալաքից ուղիղ գծով 17 կմ հյուսիս-արևմուտք:
Խերթվիսում է գտնվում պատմության ընթացքում բազմիցս ձեռքից ձեռք անցած և պարբերաբար վերանորոգված համանուն բերդը։
Խերթվիսի բերդը լավ պահպանված բերդերից է, կառուցված է բարձր ժայռաբլրի վրա։
XI դարի վրաց պատմագիր Լեոնտի Մրովելին այն հիշատակում է որպես քաղաք և պատմական Մեսխեթի կենտրոն։ Վրաց աղբյուրներում տեղ գտած մեկ այլ ավանդության համաձայն բերդը դիմագրավել է Ալեքսանդր Մակեդոնացու զորքերին։ (պատմականորեն այս փաստը հաստատված չէ)։
Ընդհանուր համալիրը բազմաշերտ է։ Այն կազմված է վերնամասում գտնվող միջնաբերդից և ներքևում, հարավ-արևելքից նրան կից` ներքին ամրոցից։ Համալիրի հիմնական զանգվածը վերաբերում է X-XIV դարերին, սակայն կան նաև XVI-XVIII դարերին վերագրվող շինություններ։
Բերդի ռազմավարական նշանակության պատճառով այն մշտապես վերանորոգվել և ամրացվել է։
Բերդը խիստ տուժել է մոնղոլների արշավանքից և 1283 թվականին տեղի ունեցած երկրաշարժից:1354-56 թթ. ամրոցը վերականգնվել է։Բերդի մուտքից վեր գտնվում էր մի արձանագրություն, որն այժմ կորած է համարվում։ Արձանագրությունն առաջին անգամ հրատարակել է Բրոսսեն, Թաղայշվիլին առաջարկել է ընթերցման իր տարբերակը։Ըստ արձանագրության, Քամքամի որդի Զաքարիան այստեղ շինել է աշտարակ ու պարիսպ։
1578 թվականին տարածաշրջան ներթափանցեցին Օսմաննեը։ Տեղի կառավարիչ Ջաղելիները ընդունեցին մահմեդականություն և տարածաշրջանի այլ բերդերի հետ մեկտեղ Խերթվիսին հանձնեցին թուրքերին, փոխարենը ստանալով Փաշայի տիտղոս։
1771 թվականին վրաց Հերակլ II թագավորը ժամանակավորապես վերագրավել է բերդը։
1828-29 թվականի ռուս թուրքական պատերազմի ժամանակ բերդը թուրքերից գրավել են ռուսները։
#հայաստան #պատմություն #հայոցպատմություն #վրաստան #երեւան #ջավախք