MENU

Fun & Interesting

ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը չափազանց կարևոր իրադարձություն է. Նիքս

Video Not Working? Fix It Now

Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության շուրջ փաստաթղթի ստորագրումից օրեր անց այս առիթով «Ամերիկայի ձայնը» զրուցել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եվրասիական ծրագրերի ավագ տնօրեն Ստեֆան Նիքսի հետ: «Ամերիկայի ձայն». «Պարոն Նիքս, սկսենք ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցած կարևոր իրադարձությունից: Մի քանի օր առաջ ԱՄՆ Պետքարտուղարությունում երկու երկրների միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որը թերևս առավել բարձր մակարդակի բարձրացրեց Երևանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները հետխորհրդային պատմության ընթացքում: Ինչպե՞ս կգնահատեք այս փաստաթուղթը և ի՞նչ եք ակնկալում դրանից»։ Ստեֆան Նիքս. «Դա չափազանց կարևոր և նշանակալից իրադարձություն է, որը կանխորոշում է ապագա տարիներին Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները: Կրկին նշեմ՝ արտասովոր իրադարձություն է: Տարիներ առաջ որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ նման զարգացում կարող է տեղի ունենալ, բայց դա իրականություն է այսօր: Կրկին, սա հիմք է ապագա հարաբերությունների զարգացման համար: Այն ազդարարում է Հայաստանի հետագիծը դեպի արևմուտք, դեպի Եվրոպա և ԱՄՆ։ Մեր կարծիքով՝ այն ապահովում է ավելի մեծ տնտեսական և անվտանգային բարելավումներ Հայաստանի համար: Մենք հատկապես կենտրոնացած ենք ռազմավարական համաձայնագրի չորրորդ կետի վրա, որը անդրադառնում է ժողովրդավարական և ինստիտուցիոնալ համակարգին։ Միջազգային հանրապետական ինստիտուտը այս ոլորտում է ներգրավված։ Ներկայում աշխատում ենք իշխանության ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր ճյուղերի հետ՝ ավելի պատասխանատու կառավարում ապահովելու համար, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, արևմտյան չափանիշների համապատասխան: Եվ մենք կշարունակենք աշխատանքը։ Պարզապես ցանկանում եմ մի պահ իմ երախտագիտությունը հայտնել այս առիթով: Հայաստանն այստեղ՝ Վաշինգտոնում, ունի փայլուն դիվանագիտական ներկայացուցչություն։ Դեսպան Մակունցը մեծ հարգանքի է արժանի այս ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կյանքի կոչելու համար: Դա անհավանական մեծ ծավալի աշխատանք էր, չափազանց ծանր: Սակայն իր ձևավորած հարաբերությունները Պետքարտուղարության, Սպիտակ տան, Ազգային անվտանգության խորհուրդի, ինչպես նաև, շատ կարևոր է, ԱՄՆ Կոնգրեսի հետ չափազանց օգտակար էին ռազմավարական գործընկերության ստորագրմանը հասնելու համար»: «Ամերիկայի ձայն». «Ստորագրման արարողության ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ այս ռազմավարական գործընկերությունը օգուտ կբերի նաև տարածաշրջանին։ Գիտենք, որ տարածաշրջանում կան բազմաթիվ բարդ խնդիրներ, հատկապես անվտանգության ոլորտում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում, ներառյալ սահմանազատումը, տրանսպորտային ուղիների վերաբացման հետ կապված և այլն: Առկա է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հարցը և այլ խնդիրներ: Փաստաթուղթը պարունակում է անվտանգության մասին դրույթներ: Ձեր կարծիքով, որքանո՞վ այն կարող է օգնել Հայաստանին իր անկախության, տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում»։ Ստեֆան Նիքս. «Առաջինը՝ Հայաստանում հարցումների տվյալները ցույց են տալիս, որ ներկայում հայերի համար առաջնահերթությունը անվտանգությունն է, խաղաղությունն ու կայունությունը: Դրանք այն հիմնական խնդիրներն են, որոնք հուզում են հայ ընտրողներին, հայ քաղաքացիներին։ Երկրորդ, եթե նայեք տվյալներին, ապա Հայաստանի քաղաքացիները դիտարկում են միասնական Արևմուտքը, այսինքն՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, որպես այդ տեսակի անվտանգություն, կայունություն և խաղաղություն ապահովելու լավագույն հնարավորություն։ Այնպես որ, հայ ժողովուրդն, իսկապես, նայում է դեպի Արևմուտք՝ անվտանգություն գտնելու այս զգացումով: [Հայաստանի] վարչապետը և արտգործնախարարը շատ խելամիտ են վարվում, որ շարժվում են այդ ուղղությամբ, քանի որ նրանք, մեր գնահատմամբ, կարծում են, որ Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության իրենց լավագույն հույսը կապված է ավելի շատ դեպի արևմուտք ինտեգրվելու հետ»։ «Ամերիկայի ձայն». Ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայի արձագանքը, և ընդհանուր առմամբ՝ ի՞նչպես է կարող այս փաստաթուղթը նպաստել Հայաստանի ինքնուրույնությանը, անվտանգությանն ու անկախությանը»։ Ստեֆան Նիքս. «Կարծում եմ, դա Մոսկվայի հիասթափության արտահայտությունն է, որ Ռուսաստանը կորցնում է իր ավանդական դերը՝ որպես անվտանգային, տնտեսական և քաղաքական հարցերում հիմնական գործընկեր: Շատ պարզ է, որ կորցնում է այդ դերը։ Երկրները վերանայում են երկկողմ հարաբերությունները: Նրանք վերանայում են իրենց տեղը աշխարհում: Ժամանակը կարծես վերադարձել է դեպի 1990-ականներ, երբ [նախկին խորհրդային] հանրապետություններն անկախացել էին և մտածում էին աշխարհում իրենց տեղի, այլ երկրների հետ հարաբերությունների մասին։ Հայաստանում, Կենտրոնական Ասիայում և դրանից դուրս այլ երկրներում մարդիկ վերանայում են Մոսկվայի հետ իրենց հարաբերությունները: «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: https://www.amerikayidzayn.com/ https://www.facebook.com/amerikayidzayn https://www.instagram.com/amerikayidzayn/ https://t.me/Amerikayidzayn USA Armenia Strategic Partnership Charter IRI

Comment